ԱՊՊԱ որոշումներում հնարավոր է բողոքարկել երկու առարկա՝
- Գնահատված վնասի չափը
- Մեղավորությունը
Այս երկու առարկաներից առավել հաճախ բողոքարկվում են վնասի չափերը։
Վնասի թերի գնահատման պատճառները
Վնասի քիչ գնահատման օբյեկտիվ պատճառներից մեկը վնասված որոշ պահեստամասերի բաց թողումն է կամ չնկատելը։ Օրինակ՝ մեծ պատահարների դեպքում ապահովագրական ընկերության փորձագետը որոշ դետալներ կարող է չնկատել, որ վնասված են, և չներառել գնահատման ցանկի մեջ։ Հաճախ որոշ ապահովագրական ընկերություններ վնասը միտումնավոր ցածր են գնահատում․ միգուցե հաճախորդը չբողոքարկի և հաջողվի քիչ հատուցել։
Կարևոր գործոններ
Էլեկտրոնային հասցեի կարևորությունը
ԱՊՊԱ հատուցում ստանալու գործընթացում կարևորագույն գործոններից մեկը պայմանագրում ճիշտ էլեկտրոնային հասցե ունենալն է։ Այս գործընթացի ամբողջ կոմունիկացիան իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Պայմանագրում սխալ մեյլ նշված լինելու դեպքում մարդիկ ուղղակի չեն ստանում ծանուցումները, բաց են թողնում բողոքարկման ժամկետները, և ունենում են ավելի վատ հետևանքներ։
Ինքնաշխատ դիմումների ընթացակարգ
Եթե ԱՊՊԱ պատահարը գրանցվել է ASWA հավելվածի միջոցով կամ այն արձանագրել է Ոստիկանությունը (բացառությամբ մարմնական վնասներով պատահարների), ԱՊՊԱ հատուցման պրոցեսը մեկնարկում է առանց ձեր հատուցման դիմումի։ Ապահովագրական ընկերությունը ավտոմատ սկսում է վնասի գնահատումը և որոշման կայացումը՝ առանց սպասելու ձեր դիմումին։
Բողոքարկման ձևերը
Գոյություն ունի բողոքարկման 2 ձև՝
1. Լրացուցիչ փորձաքննություն
- Ժամկետ՝ որոշման ծանուցումից հետո 2 աշխատանքային օր
- Անվճար է
- Իրականացնում է ապահովագրական ընկերությունը
- Արդյունքը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում
2. Կրկնակի փորձաքննություն
- Ժամկետ՝ որոշման ծանուցումից հետո 5 աշխատանքային օր
- Վճարովի է (5,000 – 49,000 ՀՀ դրամ)
- Իրականացնում է Ավտոապահովագրողների Բյուրոն
- Արդյունքը՝ 3-5 աշխատանքային օրվա ընթացքում
- Կրկնակի փորձաքննության արդյունքը վերջնական է Բյուրոյի համակարգում
- Հետագա բողոքարկում Ֆինանսական համակարգի հաշտարարին հնարավոր չէ (միայն դատական կարգով)
3. Վերջնական բողոքարկում
Եթե վերոնշյալ երկու տարբերակներից որևէ մեկով չեք գոհացել, ապա՝
Եթե չեք դիմել Կրկնակի փորձաքննության՝
Իրավաբանական անձինք կարող են բողոքարկել միայն դատական կարգով։
Ֆիզիկական անձինք ունեն հետևյալ տարբերակները՝
- Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին (6 ամսվա ընթացքում)։ Այս դեպքում դատական կարգով բողոքարկման հնարավորությունը կորցվում է
- Դիմել դատարան՝ շրջանցելով Ֆինանսական համակարգի հաշտարարին, բայց պարտադիր պետք է դիմել Բյուրո կրկնակի փորձաքնություն անցնելու համար
Կրկնակի փորձաքննությանը դիմելու դեպքում՝ - Կրկնակի փորձաքննության արդյունքը վերջնական է Բյուրոյի համակարգում
- Հետագա բողոքարկում Ֆինանսական համակարգի հաշտարարին հնարավոր չէ
- Հնարավոր է բողոքարկել միայն դատական կարգով
Կարևոր հուշումներ
- ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ուղարկվող դիմումները համարվում են պատշաճ ստորագրված
- Դիմումները կարելի է լրացնել էլեկտրոնային եղանակով
- Հնարավոր է սկզբից դիմել Լրացուցիչ փորձաքննության, հետո՝ Կրկնակի
- Կարելի է նաև միանգամից դիմել Կրկնակի փորձաքննության
- Դատարան դիմելու համար պարտադիր պայման է բյուրոյի կողմից կրկնակի փորձաքննության անցկացումը